Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թ-ի ամռանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ, Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Այս մասին հայտնել է «Հետք»-ը:
Բնակարանի ձեռքբերման գործարքն, ըստ կայքի, ֆինանսավորել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը», իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։
«Հետքը» պարզել է, որ նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքն ամբողջությամբ կառուցված է, ընթանում են երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներ։ Այլ աղբյուրից լրատվականը տեղեկացել է, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։
«Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար: Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար»,- գրել է լրատվականը։
«Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնել ցանկացողների փոխանցմամբ՝ 2020 թ.-ին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքն ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից (ցածր հարկերը՝ 1100 դոլարից), այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։
Պարբերականը գրավոր հարցմամբ դիմել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան։ Նախարարը գրավոր հայտնել է, որ 2022 թ-ի հուլիսին բնակարանը գնել է «Հայէկոնոմբանկի» վարկային միջոցներով։
«Անդրադառնալով ձեր կողմից բարձրաձայնված հարցին՝ պետք է նշեմ, որ հիշյալ բնակարանի շուկայական գնի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել բազմաբնակարան շենքի վաճառքով զբաղվող ընկերությանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ փաստացի չպարզաբանելով հաջող գործարքի հանգամանքները։
Պարզաբանում ստանալու նպատակով կայքը գրավոր հարցմամբ դիմել է նաև «Բյուրեղ» բնակելի համալիրը կառուցող ընկերության՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենին, սակայն պատասխան դեռ չի ստացել: