Կշարունակենք նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը, ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ պատասխանելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի նամակին, որտեղ նա մատնանշել էր Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին: Այս մասին Թովմասյանը հայտնել է իր Facebook-յան էջում:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հավաստիացրել է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները։
«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: