Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հայտնել է Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի կապակցությամբ մտահոգության մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով, այն «մեծ վտանգ է ստեղծում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար»:
«Ալիևը Գրոսիին տեղեկացրել է, որ Մեծամորի ԱԷԿ – ի աշխատանքի ժամանակ օգտագործվում են հին տեխնոլոգիաներ, առկա են լուրջ տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև մտահոգություն է հայտնել որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտրի կապակցությամբ, որոնց ծագումը կապված է այդ կայանի հետ»,-հստակեցրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Գրոսսին 2022 թվականին Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը կախված է Մեծամորի ԱԷԿ-ից, և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել՝ օգնելու կայանին անվտանգ և հուսալիորեն արտադրել ցածր ածխածնային էներգիա: Նա նշել է, որ ատոմակայան այցելության ժամանակ Մեծամորում անվտանգության և պահպանության ոլորտում բարելավումներ է տեսել:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիայում ուսումնական վարժանքներ են անցկացվել Մեծամորի ԱԷԿ-ի «հնարավոր վթարի» դեպքում: Նաև թուրքական «Իգդիրի լրագրողների ընկերակցության» ղեկավար Այդին Դենիզը հայտարարել է, որ հայկական Մեծամորի ԱԷԿ-ը, իբր, «մեծ վտանգ է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրների համար»: