Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ: Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը: Ընդգծվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ ԼՂ ստատուս-քվոն երկար չի կարող շարունակվել։ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Շոլցը նաև մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: