Մենք մշտապես հայտարարել ենք, որ Հայաստանը կարող է միայն միջազգային դիվանագիտական գործքիներով ազդել Լաչինի միջանցքի հարցի վրա, այլ լուծման բանալի չկա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը։
Պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրության գործիքակազմով պետք է ստիպել, ճնշումներ գործադրել, որպեսզի Ադրբեջանը բացի ճանապարհը:
«Կարծում ենք, որ Հաագայի դատարանի որոշումը մի քայլ էր: Պետք է այդ որոշման հետևից գնալ, դիվանագիտական գործիքներով բերել նրան, որպեսզի Ադրբեջանը ճնշման տակ բացի միջանցքը, սա քայլերից մեկն էր»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ պետք չէր սպասել, որ Ադրբեջանն այս որոշումից անմիջապես հետո բացելու էր միջանցքը: Ցավոք սրտի՝ Ադրբեջանն այն երկրներից չէ, որ քաղաքակիրթ որոշումների հետևից գնա, ասաց նա:
Պապոյանն ընդգծեց, որ և՛ խորհրդարանական, և՛ կառավարական դիվանագիտական միջոցներով դիմել են միջազգային կառույցներին՝ հարցը լուծելու համար:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից ազատմանը, Պապոյանը նշեց․
«Ռուբեն Վարդանյանին մենք չենք նշանակել, մենք էլ չենք ազատել, այդ ազատումը մաքուր Արցախի ներքաղաքական հարցն է, որևէ կերպ չենք մեկնաբանում, որովհետև որևէ ազդեցություն և կապ չունենք»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։