Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Այս մասին իր մարտիության շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այդ կանանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:
«Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում»,- գրել է վարչապետը:
Նա նշել է նաև այն կանանց, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է»,- նշել է նա:
Վարչապետը շեշտել է, որ Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին: