Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ունենան քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության [Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը] հետևանքները։ Կլաարն ասել է, որ այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հավատարիմ է այս գործընթացին», իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պարտավորություններ ունի»։
Խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին Մոսկվայի և Բրյուսելի հետքերի մասին՝ Կլաարը նշել է, որ ԵՄ-ն երբեք չի ունեցել «Բրյուսելյան գործընթաց՝ ընդդեմ այլ գործընթացի»։ «Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը»,- ասել է նա։
Կլաարը նշել է, որ որոշ ժամանակ Բրյուսելում հանդիպումներ չեն եղել։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի մոտեցումը «երկու առաջնորդներին Բրյուսել վերադարձնելն է», ինչը, ինչպես ընդգծել է Կլաարը, «անկասկած, կարևոր է լինելու»։
«Կարծում ենք, որ շատ կարևոր է, որ նրանք պարբերաբար հանդիպեն և աշխատեն կարևոր հարցերի առանցքի վրա: Այն, ինչ մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այսպիսով, այդ առումով նախագահ Միշելը իսկապես ցանկանում է, որ առաջնորդները նորից գան Բրյուսել: Մի քանի շաբաթ առաջ նա Մյունխենում հանդիպել է ղեկավարների հետ։ Եղել եմ Բաքվում և Երևանում այս հանդիպումների համար։ Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին հանդիպեն Բրյուսելում շատ մոտ ապագայում»,- ասել է Կլաարը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների համար կարևոր է «ցույց տալ թշնամանքի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը և հայտարարել գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան սկսելու իրենց ցանկության մասին»։
Մեկնաբանելով Լաչինի միջանցքում և, այսպես կոչված, Զանգեզուրի հատվածում անցակետ տեղադրելու հարցը՝ Կլաարը նշել է. «Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով։ Թափանցիկությունը միանգամայն ճիշտ է: Այս թափանցիկությանը հասնելու ուղիներն ու միջոցները, իմ կարծիքով, քննարկումների և բանակցությունների առարկա են»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս հարցն ունի մի քանի լուծումներ, որոնք քննարկման առարկա են։
«Ենթադրում եմ, որ Հայաստանում կարծիք կա, որ դրանք երկու առանձին խնդիրներ են։ Դրանցից մեկը Լաչինի միջանցքն է, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, մինչդեռ միևնույն ժամանակ կա Ադրբեջանի և Նախիջևանի կապը, որն արտացոլված է 2020 թվականի հայտարարության մեկ այլ պարբերությունում:
Այսպիսով, հայտարարության մեջ դրանք նշված են տարբեր պարբերություններում, և մոտեցումը տարբեր է։ Բայց, ի վերջո, այս հարցը բանակցությունների ու քննարկումների առարկա է»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Բայց, միևնույն ժամանակ, Կլաարը նշել է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է անվտանգ տեղաշարժի հնարավորությունը։
Պատասխանելով Մոսկվայի այն պնդումներին, թե ԵՄ-ն աշխարհաքաղաքական խաղ է խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում և Ռուսաստանի մտահոգություններին ԵՄ-ի մասնակցության վերաբերյալ խաղաղ բանակցություններին՝ Կլաարը պատասխանել է․ «Ուրախ կլինեմ, եթե Մոսկվան հասկանա, որ եթե մենք իսկապես մեկ նպատակ ունենք, ապա մենք կարող ենք լրացնել միմյանց ջանքերը և դա չհամարել որպես ինչ-որ մրցակցություն, որը ներառված չէ ԵՄ-ի հեռանկարների մեջ»:
Մեկնաբանելով ռուս պաշտոնյաների հետ շփումները՝ կապված կովկասյան գործընթացների հետ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ «չափազանց շատ կլինի դա «սերտ շփում» անվանելը։
«Եթե նկատի ունեք կապերը, այո՛, դրանք կան: Մի քանի շաբաթ առաջ ես հեռախոսազրույց ունեցա փոխնախարար Գալուզինի հետ։ Հանդիպեցի նաև Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, նույնիսկ 2022 թվականի սեպտեմբերին այցելեցի Մոսկվա և քննարկումներ ունեցա այս հարցի շուրջ։ Այսինքն՝ կան շփումներ, ոչ շատ մտերիմ, հազվադեպ և թույլ, բայց դրանք կան»,- նշել է Կլաարը։