Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի ջանքերը միշտ էլ հրատապ են եղել, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ԱՄՆ հետախուզական հանրության կանխատեսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շարունակման մասին։
«Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել ջանքերը հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ և եռակողմ, աջակցելով երկխոսության և դիվանագիտության հաստատման իրենց ջանքերին և օգտագործելով բոլոր համապատասխան մեխանիզմները՝ օգնելու այդ երկրներին ինքնուրույն վարել դիվանագիտություն և ձեռք բերել համաձայնություններ»,- ասել է Փրայսը:
ԱՄՆ-ի հետախուզական համայնքի սպառնալիքների տարեկան գնահատականում, որը հրապարակվել է մարտի 9-ին Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կմնան լարված և անկայուն, քանի որ Բաքուն պատրաստվում է ռազմական ճնշում գործադրել Երևանի վրա: