Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ:
«Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժամիջոցներ սահմանել ահաբեկչական պետության դեմ՝ նրա բռնապետի գլխավորությամբ, քանի որ նա Եվրոպային նավթ է վաճառում կամ Իսրայելի բազաներ ունի Իրանի դեմ», – գրել է նա Twitter-ում:
Երաժիշտն ընդգծել է, որ դա Ալիևին վստահություն է հաղորդում էթնիկ զտումների իր ծրագիրը կյանքի կոչելու հարցում։ «Այդ դեպքում Հայաստանին զենք տվեք, ինչպես Ուկրաինային», – եզրափակել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն մարտի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»,-նշել է Բոնոն։