«Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կոչ է արել Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել իրենց հետ՝ «ապահովելու Հայաստանում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի մեր նամակին և առաջարկներ կանի բանակցությունների մեկնարկի համար։ Մեր բանակցային հարթակը հիմնված է մարդու հիմնարար իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և վերաինտեգրման վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Համայնքի նախագահը հատկանշական է համարել այն, որ «ինչպես ադրբեջանաբնակ հայերին, այնպես էլ Հայաստանից վտարված ադրբեջանցիներին վերաբերող հարցերի շուրջ երկխոսության մեկնարկի նախաձեռնողը համապատասխանաբար ադրբեջանական պետությունն է և Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։
«Նույն սկզբունքով մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կարձագանքի մեր նախաձեռնությանը` մեզ հետ բանակցություններ սկսել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։