Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այժմ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ ՀՀ սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում։
«Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունը, կան նաև այլ տվյալներ»,- նշեց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ-ում էսկալացիայի վտանգի մասին։ «Ես ընդգծել եմ, որ, ըստ իս, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում խնդիրներ կան»։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանն օրերս Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկների պատասխանը։ Նա հայտնեց, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց է տեսնում։
«Բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ֆունդամենտալ խնդիրներ են ի հայտ գալիս։ Ադրբեջանը փորձում է խաղաղության, հարաբերությունների հաստատման մասին հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ, նկրտումներ ձևակերպել, ինչը մեզ համար կարմիր գիծ է։ Այս տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Սա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ պայմանագրի կատարման երաշխիքներ չկան, ինչը նույնպես կարմիր գիծ է հայկական կողմի համար։ Նկատի ունենալով 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ նա ընդգծեց, որ թեպետ այն ստորագրված է, բայց չի կատարվել։ «Այս դեպքում ևս պայմանագրի իրականացման միջազգային երաշխիքների կարևորությունը բացակայում է»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը խախտել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը ԵՄ դիտորդների մասին։
«2022-ի հոկտեմբերին Պրահայում կար նախնական պայմանավորվածություն, որ ԵՄ դիտորդները պետք է լինեն և Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ երկու կողմից։ Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնվեց, բայց հետագայում այդ տարբերակից հրաժարվեց»,- ասաց նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի արդյունավետության մասով միջազգային երաշխավորի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշեց, որ կարևորը ոչ թե երաշխավորի, այլ երաշխիքների ինստիտուտի ներդրումն է։