ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, ինչն անհանգստացնող է մեզ համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու ՀՀ որոշմանը վերաբերվող հարցին:
Վարչապետը հայտնեց, որ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահը Հայաստան այցի ընթացքում իրեն ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից:
«Ես ասացի՝ գիտե՞ք, իմ կարծիքով այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է Հայաստանում, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»,- պատմեց Փաշինյանը:
«Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մի գործոն ապահովել: Եթե դա սա չի նշանակելու, ապա մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»,-ասաց վարչապետը:
Հայաստանը երկար ու հետևողականորեն է աշխատել ՀԱՊԿ-ի հետ և շարունակում է աշխատել, նշեց Փաշինյանը: Հայաստանն իր սկզբունքներն առաջարկել է, որը ՀՀ մասին չէ: Այլ նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է, թե ոչ, կա՞, թե՞ չկա:
Փաշինյանն ասաց, որ սին են այն տեղեկությունները, թե ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել:
«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով: Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է»,- ընդգծեց վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից:
Մանրամասները՝ տեսանյութում: