RT հեռուստաալիքի և «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է մի շարք ռուս գործիչների մուտքը Հայաստան արգելելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:
Ասուլիսի ընթացքում, պատասխանելով Կոնստանտին Զատուլինի, Արամ Գաբրելյանովի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին հարցին, Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի հարգանք ակնկալել իր նկատմամբ» և «իրավունք ունի կիրառել իր ինքնիշխան գործիքակազմը՝ կանխելու համար ոտնձգություն իր շահերի դեմ»: Վարչապետի խոսքով՝ «ինչ-որ մեկն ասում է, որ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա»: Նա ընդգծել է, որ «այդ մարդիկ պարտավոր են հարգել Հայաստանը, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»:
Իր Telegram-ալիքում արված գրառման մեջ Սիմոնյանն ընդգծել է, որ երբեք ոչինչ չի ասել «ոչ մի միջանցքի մասին»: Նա հայտարարել է, որ խոսել է և խոսելու է Փաշինյանի մասին, որ նա «դավաճանել է հայ ժողովրդին, որ նա վաճառել և դավաճանել է բոլոր հայկական շահերը, որոնք կարող էր դավաճանել և վաճառել, և կվաճառի ու կդավաճանի նրանց, որոնք դեռ չի կարողացել, որ նա ատում է Ռուսաստանին և խաբում է Պուտինին»:
Սիմոնյանի խոսքով՝ այդ խոսքերի համար իր մուտքը Հայաստան ավելի վաղ փակել էին: Նա նշել է, որ դա իրեն քիչ է անհանգստացնում, քանի որ «առանց այդ էլ Հայաստան չէր պատրաստվում գալ և կյանքում ընդամենը երկու անգամ է եղել Հայաստանում»։
«Փաշինյանական իշխանության օրոք ես ոչ մի դեպքում չէի թռչի Հայաստան։ Բայց շփոթեցնում է ձևակերպումը, որով փակել են իմ մուտքը՝ այն է՝ «անհարգալից վերաբերմունքի համար»: Ինչ անհարգալից վերաբերմունք, էֆենդի՛։ Անհարգալից վերաբերմունքը դեռ պետք է վաստակել: Իսկ դո՛ւք, էֆենդի՛, նողկալի գոտում եք: Այսպիսով, շտկեք ձեր ձևակերպումը: «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելված է գործող իշխանությունների հանդեպ նողկալի արարքի համար», – գրել է RT-ի և «Россия сегодня»- ի գլխավոր խմբագիրը: