ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, ոչ թե Արևմուտքը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու փաստը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի այլընտրանք Հայաստանի կառավարությունը չի որոնում, հստակ հայտարարություններ կամ առաջարկություններ լսելի չեն ո՛չ Արևմուտքից, ո՛չ էլ Հյուսիսից, Հարավից կամ Արևելքից:
Վարչապետը, Հակոբյանի խոսքով, հայտարարում է միջազգային երաշխիքների մասին, այն է՝ միջազգային ինստիտուտներ, միջազգային ստատուսով խաղաղապահներ, սակայն դա միայն տեսական խոսակցություն է:
«Իրականում հայտարարվում է, որ մեր անվտանգությունը մեր անպաշպանվածության մեջ է: Այսինքն՝ ցույց տալ, որ որևէ ամբիցիա չունենք, իսկ եթե ամբիցիաներ չունենք, ապա արտաքին թշնամիներ էլ չենք ունենա»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ քվոտայից հրաժարումը ՀԱՊԿ-ին Հյաստանից դուրս հանելու հերթական քայլն է: Այդ խնդիրը, փորձագետի կարծիքով, «դրված է դրսից»՝ Նիկոլ Փաշինյանի «կուրատորների» կողմից, ինչը Փաշինյանը հետևողականորեն իրականացնում է:
Վիգեն Հակոբյանը թվարկեց ՀԱՊԿ-ը վարկաբեկելու նպատակով ՀՀ իշխանությունների կատարած մի քանի գործողություն: Առաջինը, ըստ փորձագետի, 2018 թվականին կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ «անպատասխանատու գործողությունն» էր: Դրան հաջորդեց նաև Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ զենք-զինամթերքից հրաժարումը՝ քաղաքական հայտարարություն անելու պահանջը չբավարարելու պատրվակով:
«Հասկանալի է, որ քո ռազմավարական դաշնակցից առաջին հերթին պետք է ռազմական օգնություն խնդրես, եթե ունես բանակը վերականգնելու խնդիր»,- ասաց քաղտեխնոլոգը: Նա նշեց, որ ավելի ուշ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժությունը ՀՀ տարածքում անցկացնելուց:
«Երբ ՀԱՊԿ-ն ասում է, որ զորավարժություն է անելու քո տարածքում, նշանակում է, որ քո տարածք հենց ՀԱՊԿ-ի ԶՈւ-ն է մտնում: Դա ամենազսպող քայլը կլիներ ցանկացած ագրեսորի համար, լինի Ադրբեջանը, Թուրքիան, թե Կոնգոն»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ բոլոր նշած դրվագների հիմքում Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ծրագրի համակարգային իրականացումն է:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:
Մարտի 14-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մի գործոն ապահովել: «Եթե դա սա չի նշանակելու, ապա մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»,- ասել էր վարչապետը:
Արաքսյա Սնխչյան