«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային կազմակերպության նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Առաջին ալիքի եթերում հայտարարել է միջազգային խաղաղապահների մեխանիզմի անհրաժեշտության մասին, որը, ըստ նրա, կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը՝ հայտարարելով նաև, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն ընդունի Հայաստանի պես երկրի՝ ինքնիշխան պետության վրա հարձակումը։
«ԼՂ շրջափակումն անմարդկային է և անօրինական։ Այս պահին դա միջազգային իրավունքի խախտում է։ Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Ես կխրախուսեի ԵՄ-ին առավելագույնի հասցնել ճնշումն Ալիևի վրա, որովհետև, ինչպես գիտենք, ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնություն ունի, ինչը կարող է հարթակ հանդիսանալ Ալիևին ասելու, որ չի կարող խախտել միջազգային իրավունքն ու անպատիժ մնալ»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Բոլոր դերակատարները, նրա խոսքով, պետք է հարգեն միջազգային իրավունքը, այդ թվում՝ Ռուսաստանը։
«ՌԴ-ն տեղում խաղաղապահ ուժեր ունի, որոնք ի վիճակի չէին կանխել ո՛չ շրջափակումը, ո՛չ ագրեսիան Հայաստանի դեմ։ Սա է այն պատճառը, որ ես կխրախուսեի ԵՄ-ին այստեղ ընդայնել իր առաքելությունը։ Պետք է ընդլայնել առաքելությունը ու համոզվել, որ Ադրբեջանը կխուսափի Հայաստանի դեմ հետագա ագրեսիայից, համոզվել նաև, որ տևական խաղաղության համաձայնագիրն արդար կլինի այն առումով, որ կերաշխավորի ԼՂ ժողովորդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,- շեշտել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի նման խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը։
Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, որ ոչ թե ՌԴ-ի ներկայությունը դուրս մղելու, այլ այն ԵՄ ներկայությամբ լրացնելու նպատակ ունեն։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի էսկալացիայի վտանգ կա՝ նա շեշտել է․ «Մոտալուտ հարձակման ռիսկը մշտապես կա։ Այդուհանդերձ, կցանկանայի շեշտել, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն ընդունի Հայաստանի պես երկրի՝ ինքնիշխան պետության վրա հարձակումը։ Հայաստանը գոյություն ունենալու իրավունք ունի»։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է, թե ինչպես կարող են ամրապնդել ԵՄ-ի ու Հայաստանի միջև անվտանգային համագործակցությունը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ հնարավորությունը կա։
Հարցին՝ հարաբերությունների խորացմանը խանգարո՞ւմ է արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը, նա նշել է․
«Այս պահին դա խոչընդոտ չէ։ Հակասություն ու հակադրություն չկա այն հարցում, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ անդամ, միևնույն ժամանակ՝ անվտանգային համագործակցություն ունենա ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլոց հետ։ Չեմ թաքցնի՝ այդ համագործակցության համար, ամեն դեպքում, սահմաններ կան, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է հանդիսանում, բայց ես այստեղ չեմ՝ ասելու, թե Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ-ը։ Դա ձեր որոշելիքն է։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ընդայնել ձեր վստահելի գործընկերների շրջանակն Արևմուտքում»։
Քաղաքական խորհրդատվական Rasmussen Global կազմակերպության հիմնադիր, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը մարտի 13-ին ժամանել է Հայաստան։ Նույն օրը նա հանդիպել է վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի հետ և նրանց հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: