ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Մոսկվայում հույս ունեն, որ առաջիկա հանդիպումը կնպաստի «Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաև կաշխատի Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»:
«Քննարկման առանցքում կլինեն տարածաշրջանային խնդիրները, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը, ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», – նշել է դիվանագետը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու Երևանի պատրաստակամության մասին՝ հավելելով, որ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա: