Արևմուտքը Հայաստանին ռեալ ուժային ռեսուրս դեռ չի տրամադրում։ Արևմուտքի ներկայիս ակտիվությունը կրում միայն դիվագիտական բնույթ։ Մյուս կողմից՝ այդ ակտիվությունը միանաշանակ վատթարացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա լրջագույն խնդիրներից մեկն է․ այսինքն, մենք ինչ-որ տեղ վատացնում ենք հարաբերությունները գործող անվտանգային երաշխավորներից մեկի հետ, բայց տեղն ինչ-որ էֆեկտիվ այլընտրանք չենք ստեղծում։
Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Դավիթ Հարությունովը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցին, ուղերձներին, զուգահեռ դիտարկել ՀՀ-ից ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցված հայտարարություններին։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է միջազգային խաղաղապահների մեխանիզմի անհրաժեշտության մասին, որը, ըստ նրա, կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Նա հայտարարել է նաև, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն ընդունի Հայաստանի պես երկրի՝ ինքնիշխան պետության վրա հարձակումը։
Դավիթ Հարությունովը նախ նկատեց, որ Ռասմուսենը պաշտոնական ոչ մի ռեալ լիազորություններ չունի․ «Նշված հայտարարությունները թեպետ հաճելի են Հայաստանի համար, բայց ռեալ պետական լծակներ, քաղաքական կամք այդ ամենի հետևում չկան։ Նա եկել է Հայաստանի իշխանությունների հրավերով։ Չեմ բացառում, որ հայկական կողմի փորձերն են՝ ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյաների հետ ինչ-որ կոնկտակնտեր ստեղծելու իմաստով, որ Հայաստանի դիրքորոշումն Արևմուտքում ավելի լսելի լինի։ Բայց նա, մեծ հաշվով, ռեալ լծակների ու մեխանիզմների մասին չխոսեց՝ դուրս չգալով հայտարարությունների մակարդակից»։
Այս համատեքստում, անդրադառնալով Արևմուտքի ակտիվությանը, նա մատնանշել է խնդրի մասին։
«Մենք տեսնում ենք, որ այդ ակտիվությունը որոշակի շեմից չի անցնում։ Եթե խոսքն Ադրբեջանին զսպելու մասին է, ապա հիմնականում այդ ակտիվությունը կրում է դիվանագիտական բնույթ, իսկ պատժամիջոցների մասին որևէ խոսք չկա։ Ռեալ ուժային ինչ-որ լծակների մասին, որոնք կարող են փոխարինել այն անվտանգային համակարգին, որը Հայաստանը մինչ հիմա ունեցել է, խոսք չկա։ Այսինքն, մի կողմից այդ ակտիվությունը բավականին տպավորիչ տեսք ունի, բայց մյուս կողմից ռեալ արդյունքներն ուժային դաշտում բավականին փոքր են։ Նույն ԵՄ առաքելության էֆեկտիվությունը հիմա՝ գարնանը կերևա՝ հաշվի առնելով, որ սկսվում է ամենավտանգավոր շրջանը։ Միայն գարնանը կկարողանանք հասկանալ, թե այդ ներկայությունը որքանով է ազդում սահմանային իրավիճակի վրա»-ասաց Դ․ Հարությունովը։
Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ իշխանությունների որոշումներին ու հայտարարություններին՝ կապված ՀԱՊԿ-ի, նաև ՌԴ-ի հետ, նա շեշտեց, որ հնչող քննադատությունները մի քանի պատճառ կարող են ունենալ։
«Կարծում եմ՝ սկզբնական փուլում հայկական կողմից փորձ է արվել ազդել ՀԱՊԿ-ի դիրքորոշման վրա։ Բացի այդ, Արևմուտքի հետ ակտիվ շփումներով փորձ է արվել ցույց տալ, որ մենք Արևմուտքում ինչ-որ այլընտրանք կարող ենք գտնել, եթե ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը չփոխի։ Հիմա գիտենք, որ, ըստ էության, այդ այլընտրանքը գտնել չի ստացվում, այսինքն, Արևմուտքը պատրաստ չէ այդ պարտականությունները լրիվ ծավալով իր վրա վերցրել, որը տեսականորեն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրականացնում են՝ հաշվի առնելով պայմանագրերը»,-նշեց քաղաքագետը։
Հայաստանից հնչող մյուս պատճառը, որը, ըստ մեր զրուցակցի, միգուցե հատագայում է առաջացել, հետևյալն է․ «Գուցե հայկական կողմի կարծիքով ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին քննադատելով ու այդպիսով Արևմուտքին որոշակի մեսիջներ ուղարկելով՝ Հայաստանի հանդեպ ավելի բարենպաստ դիրքորոշում կարող ենք ստանալ։ Բայց սա շատ վիճելի է, քանի որ Արևմուտքի կողմից Հայաստանի հանդեպ անվտանգային դաշտում լուրջ պարտավորություններից խուսափելու հանգամանքը հստակ պատճառներ ունի և ՀԱՊԿ-ին քննադատելով այդ հարցը չի լուծվում։ Առաջին պատճառն այս պահին Արևմուտքի փոքր, սահմանափակ ուժային ռեսուրսներն են։ Երկրորդ պատճառն այն է, որ իրենք պարզապես չեն ուզում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լուրջ կոնֆլիկտի մեջ մտնել։ Չունեն ո՛չ այդ ռեսուրսը, ո՛չ էլ ցանկությունը»։
Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները՝ Դավիթ Հարությունովն, ամեն դեպքում, նշեց, որ չի կարծում, թե դրանց հիմքում ՀԱՊԿ-ից դուրս գալու, կողմնորոշումը փոխելու ձևավորված ռազմավարություն կա։
«Դեռ փորձ է արվում ինչ-որ արդյունքներ ստանալ՝ քննադատություն հնչեցնելով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հասցեին, ինչը մտահոգիչ ու վտանգավոր է։ Այդ քննադատությունների արդյունքում հայկական կողմը դեռ արդյունք չի ստանում․ ո՛չ Արևմուտքից է նոր երաշխիքներ ստանում, ո՛չ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն է փոխվում, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, այդ ամենից այդքան էլ չեն լավանում»-ասաց մեր զրուցակիցը։
Աննա Բադալյան