Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը շնորհավորել է Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Տասմագամբետովը մարտի 16-ին այցելել է Ջերմուկ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից, քանի որ այդ պաշտոնը նրան ոչինչ չի տալիս երկրի անվտանգության աստիճանը բարձրացնելու առումով։