Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի վաղը կայանալիք հանդիպման օրակարգը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի սերտ շփումների շարունակությունն է լինելու բոլոր մակարդակներում, որոնց թվում են առևտրատնտեսական և քաղաքական երկխոսությունը, Հարավային Կովկասին առնչվող գործընթացները՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը:
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների:
«Դրանց իրականացումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման և լիարժեք համագործակցության առանցքային պայման ենք դիտարկում»,-շեշտել են ՌԴ ԱԳՆ-ում:
Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու փոխհարաբերությունների հիմնարար սկզբունքները, կարող է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմքեր դնել:
ԱԳՆ-ում նաև կոչ են արել շարունակել սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքը: ՌԴ ԱԳՆ-ում շեշտել են, որ սահմանազատման գործընթացի մեկնարկը կոչված է նպաստելու սահմանային միջադեպերի դադարեցմանը: ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ-ն կողմերի խնդրանքով անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխվարչապետների համանախագահությամբ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցում է ընթանում, ինչը թույլ կտա կարգավորել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը:
Գերատեսչությունում ընդգծել են, որ առաջիկա բանակցությունները որպես վստահության պահպանման և դաշնակցային կապերի համալիր զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակություն ենք դիտարկում:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս վերոնշյալին՝ տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խարխլելու արևմտյան երկրների անամոթ փորձերի ֆոնին»-եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու Երևանի պատրաստակամության մասին՝ հավելելով, որ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա: