Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:
Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։
Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։
Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: