Բնապահպան Սիլվա Ադամյանը գնահատել է Երևանի քաղաքապետարանի՝ ծառերի փոխարինման որոշումը՝ ասելով, որ այդ գործողությունը բերելու է Հայաստանում էկոլոգիական աղետի։
Armenia Today-ի հետ զրույցում նա ասաց՝ առնվազն տարօրինակ է, որ մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգը եզրակացության է տվել՝ ավանդական ծառատեսակների փոխարեն տնկել այնպիսի ծառատեսակ, որը պսակով փոքր է ու չի կարող պաշտպանել տապից, ինչպես կաղնին, բարդին ու հացենին, չի սաղարթավորվում ու փչակաբնակ թռչուններին հարմար չէ։
«Հաշվի չի առնվել, թե ինչպիսի կլիմայական պայմաններում ենք մենք ապրում և ինչպիսի ծառատեսակներ են տարիներ շարունակ տնկվել Հայաստանում ԳԱԱ ուսումնասիրությունից հետո։ Իմ հայրը` կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանը, մասնակցել է ծառերի տնկման որոշման աշխատանքներին․․․ Մարդիկ լուրջ գիտական աշխատանք են կատարել, տասնյակ տարիների աշխատանք։ Հիմա ուզում են այդ աշխատանքը ջնջել ու որոշել են, որ պետք է փոխեն, գեղեցկացնեն Երևանը»,- ասաց բնապահպանը՝ շեշտելով, որ ծառը սերտ կապ ունի մթնոլորտի և կենսաբազմազանության հետ, այն միայն գեղեցկության համար չէ։
Նա նշեց, որ ծառերի փոխարինման անհամաչափությունը բերելու է կենսաբազմազանության խեղման․ Երևանում 120-ից ավելի թռչնատեսակ կա, որոնց մի մեծ մասը փչակաբնակ է։ Իսկ սակուրան հաստ սաղարթ չի ունենում, ոչ մի թռչուն այնտեղ բնակվել չի կարող։
Բնապահպանը համոզված է, որ 50 տարեկան ծառերը հատման ենթակա չեն, իսկ կտրված ծառերի կոճղերը բավականին առողջ են երևում։ Նա նշում է, որ ոչ միայն ինքը, այլև իր կենսաբան մի շարք ընկերներ կարծում են, որ այս գործընթացը կենսաբազմազանության շղթան է խաթարում և տեղի են ունենալու շատ անցանկալի էկոլոգիական հետևանքներ։
«Գործի բերումով եղել եմ շատ արտասահմանյան երկրներում, որտեղ 100-120 տարեկան ծառերի վրա ցուցանակ է փակցված ու գրված՝ «Այս ծառը պահպանվում է պետության կողմից»»,- ասաց Ադամյանը՝ հայտնելով տարակուսանքը, թե ինչպե՞ս է 50 տարեկան ծառը անդպես հապճեպ կտրվում ու փոխարինվում ոչ ավանդական տեսակով։
Սիլվա Ադամյանը չի մասնակցել քաղաքապետարանի՝ փետրվարի 23-ին կայացած գիտաժողովին, որտեղ որոշվել է ծառերի փոխարինման ծրագիր իրականացնել։
Ըստ որոշման՝ 150 000 000 դրամով ձեռք է բերվել 2000 տնկի, որոնք տնկվելու են ոչ միայն մայրաքաղաքի սրտում, այլ նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում նախագծված անտառում։ Անտառտնկման աշխատանքները սկսվելու են ապրիլի երկրորդ 10-օրյակին, մենկարկի օրը կորոշվի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ է իրականացրել։ Գերատեսչության որոշմամբ տարածքի 31 ծառերը կտրվել են, հանվել են դրանց արմատները։ Իսկ դրանց փոխարեն նույն հորերում տնկվել են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:
Արաքսյա Սնխչյան