ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ տեղակայելու ՀԱՊԿ առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին «Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով», RTVi-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը հաստատում է իր պատրաստակամությունն աջակցության այլ միջոցառումների շրջանակում, որոնք ամրագրված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ «Մենք պատրաստ ենք այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով։
«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է»,- ասել է նա։
Մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ներսում առկա «դժվարությունները»՝ դիվանագետը նշել է, որ «ոչ մի միջազգային կառույց, որն իրական գործնական աշխատանք է կատարում իր բոլոր անդամների շահերից ելնելով, չի կարող դա անել առանց նրանց»։ Գալուզինի խոսքով՝ կազմակերպությունն այժմ ինտենսիվ գործընթաց է սկսում իր երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման համար։
«Մեծ մասամբ՝ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր Հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ երկրների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,- ասել է դիվանագետը։
Նա տեղեկացրել է, որ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի մայիս-հունիս ամիսներին կայանալիք նիստերի համար։ Գալուզինն ընդգծել է, որ օրակարգը հագեցած է, ինչը վկայում է «կազմակերպության նկատմամբ իր պատասխանատվության ոլորտում անվտանգության և կայունության ապահովման խնդիրների լուծման հարցում բարձր պահանջարկի մասին»։
«ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման այս և այլ հարցեր շահագրգիռ քննարկման առարկա էին 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի վերջերս Երևան կատարած այցի ժամանակ»,- եզրափակել է փոխնախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, քանի որ այդ պաշտոնն իրեն ոչինչ չի տալիս երկրի անվտանգության բարձրացման առումով։ Նա նաև ասել էր, որ ՀԱՊԿ-ն «ինքնուրույն լքում է Հայաստանը», ինչը հայկական կողմի մոտ անհանգստություն է առաջացնում։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Փաշինյանը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների նախագիծը։ Երևանը հրաժարվել էր նաև Հայաստանի տարածքում նախատեսվող ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների անցկացումից։