Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, և մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Այս մասին «Հանուն ժողովրդավարության» համաժողովի իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»,- ասել է նա:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիային դիմակայելու համար, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։
«Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը»,- ասել է վարչապետը։
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը, որը կացկացվի մարտի 28-30, մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Լիագումար նիստը մեկնարկել է այս երկրների ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Սա վարչապետ Փաշինյանի երկրորդ ելույթն է գագաթնաժողովին, նա առաջին անգամ մասնակցել է 2021 թվականին ևս մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին: