Նախօրեին մենք տեղեկացրել ենք Ադրբեջանին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի Հարապետության տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Այս մասին կառավարության մարտի 30-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սահմանապահները տեղակայվելու են այն նույն դիրքերում, որտեղ մինչ այժմ Պաշտպանության նախարարության սստորաբաժանումներն էին տեղակայված։
«Քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր։ Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ։ Հայկական դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ տեղի ունեցող փոփոխությունը միայն ՊՆ ստորաբաժանումների փոփոխությունն է Սահմանապահ զորքերով։
Ըստ օգոստոսին տեղի ունեցած պայմանավորվածության՝ Կոռիձորից Ստեփանակերտ ճանապարհը անցնում էր Հայաստանով, ապա Ադրբեջանով, ապա կրկին Հայաստանով։ Այն պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Այժմ ճանապարհը կանցնի միայն Հայաստանով։
Նա նշեց, որ Ադրբեջանը Գորիս-Ստեփանակերտ գրունտային ճանապարհը փակել է պատճառաբանելով, որ Հայաստանը ռազմական բեռներ է տեղափոխում Արցախ։
«Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- ասաց նա
Վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունը հայկական կողմն առաջարկել է անել նաև ադրբեջանական կողմին։ Նա վերահաստատել է խաղաղության օրակարգին իր հավատարմությունը։
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան ձևաչափերում»,- ասաց Փաշինյանը։