Բրյուսելում շահագրգռված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատմամբ և դիրքորոշումների մերձեցմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով գարնանը Ադրբեջանի հարձակման վտանգի մասին ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը:
«Իրենց անշնորհք, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ Բաքվի և Երևանի միջև հակասություն են հրահրում»,- ընդգծել է Զախարովան՝ նկատի ունենալով ԵՄ-ին:
Դիվանագետի խոսքով՝ ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԵՄ-ն բացարձակապես չի մտածում, թե Անդրկովկասում խաղաղության և կայունության համար ինչպիսի անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ անպատասխանատու քաղաքականությունը:
«Մենք կոչ ենք անում հրաժարվել առճակատման նման սցենարներից։ Եվ կցանկանայի հիշեցնել, որ հենց Ռուսաստանի ջանքերով է հաջողվել կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումը 2020 թվականի աշնանը, 2022 թվականի սեպտեմբերին»-ընդգծել Է Զախարովան։
Ավելի վաղ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Deutsche Welle-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ կսկսի գարնանը»։
«Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված կարելի է համարել»,-հավելել էր Ռիտերը:
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ առաքելության ղեկավարի այս հայտարարությանը՝ դատապարտելով այն: