Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, կառավարության հրապարակային նիստում:
«Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը»,-նշել է նա։
Ըստ Արշակյանի՝ ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում: «Իսկ Հայաստանի կառավարությունը 2022թ. դեկտեմբերին իհարկե չէր կարող կռահել կամ կանխատեսել մարտին Միջազգային քրեական դատարանի կողմից կոնկրետ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ բովանդակությունը»,-նշել է Արշակյանը։
Նա ընդգշել է, որ կարելի այնպես է արվելու, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին։
«Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին»,-հայտարարել է ԱԺ փոխխոսնակը։
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը մարտի 27-ին ТАСС-ին և РИА Новости – ին հայտնել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ-ի Հռոմեական ստատուտին միանալու Երևանի պլանները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ օրդերների ֆոնին: Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել: