Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործել ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացրել ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:
«Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու:
Armenia Today-ը փորձեց ոստիկանությունից ճշտել, թե արդյո՞ք հաղորդում ստացվել է։ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանի վրա հարձակման առնչությամբ ահազանգ-հաղորդագրություն չի ստացվել։