ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Կասկադում տեղի ունեցած միջադեպին, երբ, ի պատասխան իրեն «դավաճան» անվանելուն, Սիմոնյանը թքել էր կանադահայ Կարեն Մկրտչյանի վրա։
«Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է և միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։ Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը, մանավանդ, որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության և պրոպագանդայի անսահմանափակ միջոցների»,-Ilur.am-ում հրապարակված հոդվածում գրել է առաջին նախագահը։
Նա, բերելով Ռուզվելտի, Տրումենի, Քլինտոնի օրինակները, նշել է, որ աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել, բայց նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»-,նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Արձագանքելով Տեր-Պետրոսյանի հոդվածին՝ Ալեն Սիմոնյանն իր Facebook-յան էջում գրել է․
«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է: Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, և «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները»։
Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր «երեսին է թքել»։ ԱԺ նախագահը Facebook-յան իր էջում արձագանքել էր Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։ «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,- ասել էր նա։