Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Այս մասին կառավարության ապրիլի 6-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-անոց հատվածը։
Նա նշեց, որ 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
Նախորդ նիստի ժամանակ նա նշել էր, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր ավտոճանապարհը շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը:
«Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը վերահաստատեց հայկական կողմի՝ էսկալացիայից խուսափելու տրամադրվածությունը և խաղաղության պայմանագրին հավատարմությունը: