Իրավիճակը Տեղ-Կոռնիձոր հատվածում այնքան է անհասկանալի մնալու, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, և հնարավորություն չկա ճշտելու, թե իրականում ադրբեջանական կողմը որքան է մխրճվել ՀՀ տարածք: Այս մասին Armenia Today-ին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավորությունները մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալու և, ըստ իրադրության, սեփական առաջնահերթությունների շրջանակներում դա օգտագործելու համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը նախկինում հայտարարել էր Լաչինի միջանցքի տարածքում բարձունքներ գրավելու մասին, ադրբեջանական լրատվամիջոցներն էլ պնդում են, որ իրենց զինվորականները կկարողանան վերահսկել միջանցքի նոր երթուղին, իսկապես կկարողանա՞ Ադրբեջանը վերահսկել նոր երթուղին և ինչպիսի՞ն է իրավիճակն Արցախի կոմունիկացիաների հետ կապված, պատգամավորն ասաց, որ Ադրբեջանը Տեղ-Կոռնիձոր հատվածով չէ, որ պետք է կարողաղանա վերահսկողություն ունենալ Հայաստանի հետ կապող ճանապարհի նկատմամբ: Նա նշեց, որ առանց այդ միջանցքի էլ 5 կիլոմետրանոց լայնությունը չի գործում, որովհետև Ադրբեջանը ճանապարհի տարբեր հատվածներում մարտական հենակետեր է տեղակայել և մեծ թվով հատվածներում վերահսկողություն ունի, և Տեղ-Կոռնիձոր հատվածով որևէ մեծ խնդիր չի լուծում, որովհետև այդ խնդիրն արդեն լուծել է:
«Իրավիճակը շատ անկանխատեսելի է և տարբեր սցենարային զարգացումեր կարող է ունենալ, դժվար է այս պահին ստույգ ասել, թե կոնկրետ մեկ ամիս հետո կամ երեք ամիս հետո այս սցենարներից որը կյանքի կկոչվի։ Ամեն դեպքում՝ իրավիճակն իր վտանգավորությունը պահպանում է»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս կարող է հայկական կողմը կանխել հնարավոր էսկալացիան, ի՞նչ դեր կարող են ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը և ՀԱՊԿ-ը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումից հետո Հայաստանի հետ սահմանագծին տարբեր միջադեպեր են գրանցվել, գոնե հանրային մակարդակում դեռևս պարզ չէ՝ Եվրամիությունը դրան ինչպե՞ս է արձագանքում, արդոք դրանք դարձե՞լ են զեկույցներ և հետագայում ԵՄ կարևոր մարմիններում դարձե՞լ են Ադրբեջանի նկատմամբ ճնշման գործիքներ, թե՞ ոչ:
«Ամեն դեպքում, կանխարգելիչ որևէ նշանակություն դեռևս չեմ տեսնում, գուցե կան բաներ, որոնց մասին ես տեղյակ չեմ, բայց գոնե հանրային մակարդակում դրանք չեն արտահայտվել: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա իշխանությունը չի հանրայնացնում, թե ինչ է կոնկրետ բանակցում ՀԱՊԿ-ի հետ, ինչ է առաջարկում ՀԱՊԿ-ը, ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ»,- ասաց նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքին կապող Կոռնիձոր-Տեղ ճանապարհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն սահմանապահ զորքերը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ սահմանագծի այդ ուղղությամբ իրավիճակը, ըստ պահպանման տարածքի, կարելի է գնահատել այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե Ադրբեջանն այդ ուղղությամբ ինչ ուժերով է իր վերահսկողության տարածքի անվտանգությունն ապահովում:
«Որպես կանոն՝ Հայաստանը սահմանապահ զորքեր տեղակայում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը ևս սահմանագծի այդ ուղղությամբ նմանատիպ ուժեր է տեղակայում: Ես դեռևս չգիտեմ, թե կա՞ քաղաքական որոշում կամ պայմանավորվածություն, թե այդ հատվածում, ի վերջո, ինչ ուժեր են տեղակայվելու, որովհետև ամեն ուժ ունի իր ռեսուրսը, իր հնարավորությունները, այդ թվում՝ մարտական հերթապահության։ Շատ բան կախված է, թե Ադրբեջանն այդ ուղղությամբ ինչպես է գործելու»,- նշեց նա:
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում է, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: