Բռնցքամարտի ֆեդերացիան իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել դրական դոպինգային քննության պատասխան ստանալու համար: Թեստի նմուշառումը նրանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո․ հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ:
Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը:
Մեկնաբանելով ֆեդերացիայի հայտարարությունը՝ Armenia Today-ի հետ զրույցում Սամվել Պողոսյանն ասաց, որ հարցը ոչ թե հավաքականից հեռացնելն է, այլ հավաքականից հեռացնելու բարոյական կողմը։
«Երբ Հայաստանի դրոշը բարձրացվել է, դուք բոլորդ դոշ եք ծեծել, թե՝ մենք-մենք։ Բայց այդ երեխան է ռինգում կռվում, գլխին հարվածներ ուտում։ Մարզիկից ու մարզչից առաջ դոշ մի՛ ծեծեք։ Դա ձեր պարտավորությունն է։ Մենք չենք նեղվել, որ իրեն զբոռ չեն վերցրել, մենք դրա բարոյական կողմից ենք նեղվել»,- ասաց մարզիչը։
Թե ինչն է պատճառը, որ չեն հավատում քննության արդյունքներին և կա՞ արդյոք ընթացակարգ, որ երկրորդ անգամ թեստ հանձնեն, Պողոսյանը պարզաբանեց, որ «B պռոբ» կոչվածը արվում է հենց այսպիսի դեպքերի համար, դա նշան դնելու համար չէ։
««B պռոբ»-ը հիմա պետք է բացեն, ուղարկեն։ Եթե այսպիսի կասկած է լինում, մարզիկն ասում է՝ ես չեմ ընդունում պատասխանը։ Գուցե սխալմունք է եղել»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ իր և իր մարզիկի նկատմամբ նախատրամադրվածություն կա, նրա խոսքով՝ կա Սահակյանին խաղերից զրկելու, նրան խանգարելու միտում։ Այս հարցում ի սկզբանե հակառակված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ։
Խոսելով դոպինգ թեստի երկրորդ քննության բավականին թանկարժեք վճարման մասին, մարզիչն ասաց, որ պատրաստ են այն վճարել, եթե հարկ լինի։
«Այստեղ առողջության հարց է, բարձրակարգ մարզիկի հարց է, միանշանակ պատրաստ ենք վճարել։ Եթե հարկ լինի, շորերս էլ կվաճառեմ»,- ասաց մարզիչը։
Սամվել Պողոսյանը ասաց, որ այս հարցի լուծումն է փնտրում, իրեն էլ ցանկալի չի երկարաձգել հացադուլը, սաներ ունի, որոնց մարզել է պետք, ունի պարտականություններ։ Բայց եթե հավատա թեստի արդյունքներին, ապա պետք է ընկնի ֆանտազիաների մեջ, թե ինչպես կարող էր դեղը հայտնվել մարզիկի օրգանիզմում, պարզել պատճառները։
Armenia Today-ը կապ հաստատեց բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի հետ։ Նա ասաց, որ իր պահանջն այն է, որ պարզեն, թե ինչպես է իր օրգանիզմում հայտնվել Հիգենամինը։
«Ընդամենը ուզում են հասկանալ, թե ոնց է իմ օրգանիզմում հայտնվել դա, եթե ես չեմ խմել։ Թող կամ երկրորդ նմուշը բացեն․․․ ես չեմ խմել, բայց իմ օրգանիզմում հայտնվել է։ Կարող է՝ սխալմունք է եղել, թող երկրորդ նմուշը բացեն հասկանան»,- ասաց մարզիկը։
Սահակյանն ասաց, որ արդեն մեկ ամսից ավել է՝ դիմել է ֆեդերացիային, սակայն ընթացք չեն տվել գործին, նշեց՝ օրենքով երկրորդ դոպինգի համար պետք է ֆեդերացիան վճարի։
Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա ինչպես Armenia Today-ին հայտնեց Ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Արամ Մանուկյանը՝ դա ՎԱԴԱ-ի հարցն է և այստեղ ֆեդերացիան կապ չունի։
«Ֆեդերացիան ամեն ինչ արել է, որ Սահակյանի անմեղության կանխավարկածը չխախտվի, որպեսզի մենք հետագայում այդ խնդրի առաջ չկանգնենք։ Մենք երբևէ ոչ մի մարզիկի համար որևէ գումար չենք խնայել, եթե դրա կարիքն իրոք լինի»,- նշեց Մանուկյանը։