ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից՝ օրեր առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար: Նա իր Facebook-յան էջում հայտարարությամբ է հանդես եկել:
«Հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։ Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա: Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»,-իր գրել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր «երեսին է թքել»։ ԱԺ նախագահը Facebook-յան իր էջում արձագանքել էր Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։ «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,- ասել էր նա։