Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։
Թուրք նախարարը նշել է՝ իրենց ցանկությունն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության համաձայնագիր, «որպեսզի Հարավային Կովկասում լինի կայուն, ամուր խաղաղություն»։ «Անհրաժեշտ է ձեռնարկել այդ քայլերը, և այդ առումով մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ»,- մանրամասնել է նա։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Ռուսաստանը նույնպես իր ներդրումն է ունենում այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն։
Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Հարավային Կովկասում մենք կողմ ենք այստեղ գտնվող բոլոր երկրների միջև համագործակցության խորացմանը»,- նշել է ռուս նախարարը։
Լավրովը նաև ողջունել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ու հաղորդակցությունների արգելափակումն ու տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցմանն ուղղված ջանքերը։
Ռուս նախարարը հիշեցրել է, որ այս բոլոր հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Դրանք մնում են աշխատանքների շարունակման հիմքը՝ ընդգծել է Լավրովը։
«Մենք հուսով ենք, որ մեր որոշ ոչ տարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այս գործընթացներին, այլ կողմերին կկողմնորոշեն ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թուրքիայում «ծրագրվում է մանրամասն մշակել Հարավային Կովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, հետկոնֆլիկտային վերակառուցումը»։