ԱԺ-ն ստացել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագիրը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ հարցն այսօր կմտնի ԱԺ խորհրդի նիստում և ըստ ընթացակարգի կքննարկվի։ Ինչ վերաբերվում է պատգամավորին, ապա Խաչատրյանի խոսքով՝ նրան արդեն տեղեկացրել են միջնորդության մասին։
Հիշեցնենք, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։