Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ առանց թուրքական դրոնների Ադրբեջանի համար դժվար կլիներ 2020 թվականին վերցնել Ղարաբաղը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: «Այսօր Թուրքիայի ազգային պաշտպանական արդյունաբերության 80 տոկոսն արտադրվում է երկրի ներսում։ Եթե մենք չարտադրեինք բոլոր տեսակի ցամաքային, հակաօդային և հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Ղարաբաղը», – ասել է նա Աֆյոնկարահիսարում «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրական կենտրոնի բացման ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել ռազմական արդյունաբերությունը՝ փորձելով նվազագույն կախվածություն ունենալ այլ երկրներից:
Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների է ենթարկել Արցախը՝ կիրառելով նաև արգելված զինատեսակներ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն ստորագրեցին հրադադարի և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց Հադրութը, Շուշին, ինչպես նաև անվտանգության գոտին կազմող 7 շրջանները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել են շուրջ 2 հազար ռուս խաղաղապահներ և 470 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև դիտակետեր Արցախի և Ադրբեջանի շփման գծում և Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքի երկայնքով:
Իրենց «էկոակտիվիստներ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակել էին Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Արցախը հայտնվել էր շրջափակման մեջ։ Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է գազի մատակարարումը Արցախ, ինչի կապակցությամբ հանրապետությունում վառելիքի տնտեսման հատուկ ռեժիմ է սահմանվել։ Հունվարի 10-ից Արցախում Գորիս-Ստեփանակերտ էլեկտրահաղորդման գծի վթարի պատճառով սկսվել են հոսանքի հովհարային անջատումներ: