Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար պետք է բացվի այս ամռան սկզբին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում:
«Թուրքական կողմը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում է դրան: Համենայն դեպս՝ չի հնչել որևէ պնդում, որ հայտարարությունն ուժի մեջ չէ»,- ասաց Ռուբինյանը:
Նշենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է թուրքական կողմից 1993-ի ապրիլից: Ի համերաշխություն Ադրբեջանի՝ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը այն բանից հետո, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ: