Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։