Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ԱՄՆ-ից պահանջել է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծման համար։
«Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ։ Ադրբեջանը բազմիցս նախաձեռնել է չհրահրված ագրեսիայի գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնարին են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին»,- Թվիթերում գրել է Փալոնը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։