«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:
Առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, և նոր հրավիրվողներ էլ կլինեն: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, հետևաբար պետք է արագացնել աշխատանքները, ամփոփել դրանք և ներկայացնել եզրակացություն:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին, իսկ հոկտեմբերին երկարաձգվել 6 ամսով:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է «անորակ զինամթերքի» գործով: Այս գործով անցնում են նաև գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ինչպես նաև զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, վերջինս, սակայն, գրավի դիմաց ազատ է արձակվել։