Իրանա-ադրբեջանական հարաբերություններն այսքան լարված երբեք չեն եղել. վերջին մեկ ամսում մի քանի անգամ Ադրբեջանում իրանամետ խմբեր են ձերբակալվել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում կրոնական գործունեություն իրականացնող 20 մարդուց բաղկացած խմբի ձերբակալությունը, որոնց մեղադրում են իրանական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:
«Դրանք այն կրոնական խմբերն են, որոնք իրենց լիդեր են համարում ավելի շատ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին, քան Իլհամ Ալիևին: Ընդհանրապես՝ Ալիևին շատ է մտահոգում այդ մարդկանց գործունեությունն իր երկրի ներսում»,- ասաց փորձագետը: Ըստ նրա՝ մի քանի տարի առաջ նույնպես նմանատիպ դեպք եղավ, երբ հատուկ ծառայությունները գործողություն իրականացրեցին, արդյունքում մի քանի մարդ սպանվեց, մի քանիսն էլ ձերբակալվեց:
«Այս գործողությունները նպատակ ունեն Ադրբեջանում հակաիրանական կրքերն ավելի բորբոքելու, որն արվում է պետական մակարդակով, ամենաբարձր իշխանությունների թույլտվությամբ, և առայժմ չի նշմարվում այն կետը, որ կողմերը որոշեն լիցքաթափել լարվածությունը»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ իրանա-ադրբեջանական դավադրությունները երբեք էլ հարթ չեն եղել՝ միշտ էլ զիգզագաձև են ընթացել, վայրիվերումներով լի, դրանք մեկ լարվել են, մեկ հասել թշնամականի, հետո ինչ-որ պահից կողմերը որոշել են թուլացնել լարվածությունը:
Իրանագետի խոսքով՝ վերջին օրերին եղան ինչ-որ հանդիպումներ, նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը հանդիպեց Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ, տեղի ունեցավ Բայրամով-Աբդոլլահիան հեռախոսազրույց, որտեղ կողմերը որոշում կայացրեցին թուլացնել լարվածությունը, սակայն դա առայժմ հայտարարությունների մակարդակով է, գործնականում Բաքուն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք չեն նպաստում լարվածության թուլացմանը:
Իրանագետի խոսքով՝ կողմերն իրար հանդեպ բացահայտ թշնամական գործողությունների են անցել: Եթե օրինակ Ադրբեջանն Իսրայելի հետ հարաբերությունները շատ չէր բացահայտում, ապա այժմ հարաբերությունները բացահայտ են: Իրանին էլ ավելի գրգռեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն բացելու Բաքվի որոշումը:
Իսկ թե ինչպես է գնահատում փորձագետը այդ լարվածության անդրադարձը Հայաստանի վրա, ապա նրա խոսքով՝ դա ավելի շուտ օգուտ է հայերին, քան վնաս, թեև ուղղակի ազդեցություն այնքան էլ չունի:
Մեկնաբանելով հայ-իրանական հարաբերություններին, ապա ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան և հանիդպումը պարսիկ գործընկերոջ հետ, ըստ իրանագետի, նշանակում է լուրջ անվտանգային, պաշտոնական ռազմական հարցերի քննարկում:
«Հայաստանն ու Իրանը ունեն ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անվտանգային խնդիրներ, որի ուղղությամբ անելիք ունեն»,- եզրափակեց Վարդանյանը: