Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը Ղարաբաղի հարցն անվանել է «Ադրբեջանի ներքին գործը» և հայտարարել, որ չեն պատրաստվում այն քննարկել «որևէ մի երկրի հետ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստում հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն կարող կոնսենսուսի հասնել Ղարաբաղի հայերի իրավունքների անվտանգության երաշխիքների հարցի շուրջ: Նա հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար «հնարավոր ամեն ինչ անելու» պատրաստակամության մասին։ «Խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրի, որ ճանաչում է 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք, ավելի ճիշտ՝ Հայկական ԽՍՀ տարածք և տարածքային հավակնություններ չունի որևէ այլ երկրի նկատմամբ», – նշեց Փաշինյանը: