Սոթքում 800 աշխատակից չի կարողանում աշխատել կրակոցների և հանքավայրի փակ լինելու պատճառով։ Այս մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիներին հարկադիր պարապուրդի են ուղարկել։
«Դուք հասկանո՞ւմ եք սոցիալապես անապահով վիճակում Վարդենիսում 800 անապահով ընտանիքի այդ վիճակն ինչ է նշանակում։ Այսինքն՝ նշանակում է, որ նրանք չեն կարողանալու ապրել իրենց հայրենիքում։ Ես տեղեկություններ ունեմ, որ անգամ մարզային իշխանություններն են հրաժարվում իրենց հետ հանդիպելուց։ 5-6 օր փակ է հանքը, նոր են զեկուցում վարչապետին»,- ասել է Թովմասյանը։
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ Թովմասյանը տեղի ունեցածը որակել է խայտառակություն։ Նրա խոսքով՝ որևէ այլ խորհրդարանում թիկնազորը նման ագրեսիվ կերպով չի քաշքշում պատգամավորներին, այն էլ ընդմիջման ժամին։
«ԱԺ նախագահի՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր։ Բացի այդ, ԱԺ նախագահի հրամանները կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտելու պատգամավորի աշխատանքին, որովհետև հենց իրենց կանոնադրությամբ նրանք կարող են և պարտավոր են չեզոքացնել վտանգը, իսկ իմ ակցիայի ժամանակ որևէ մեկի անվտանգությունը չէր տուժում։ Ես հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված անձանց»,- նշել է Թովմասյանը։
Պատգամավորը հավելել է, որ իշխանությունը չի հարգում ԱԺ ամբիոնը, ապա իրենք այդ ամբիոնի գինը լավ գիտեն, հասկանում են խոսքի արժեքը և թույլ չեն տալու, որպեսզի այդ ամբիոնից ստեր հնչեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում հայտարարել էր քաղաքական ակցիա իրականացնելու մասին և նշել, որ չի հեռանալու ամբիոնի մոտից։ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ընդմիջում, որից հետո դահլիճ էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի դահլիճից հեռացնեն ընդդիմադիրներին։