Ազատում հրդեհից զոհված զինվորների հարազատները փակել են կառավարության շենքի հարակից փողոցները: Նրանք առավոտից բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը ժամանակ է խնդրել՝ ցուցարարների պահանջը վարչապետին կամ իշխանության այլ իրավասու պաշտոնյային փոխանցելու համար։ «Մինչ օրս մեզ պատասխան չի տրվել՝ հանդիպելու ենք զոհվածների հարազատների հետ, թե ոչ։ Ծնողների մոտ կուտակվել են բազմաթիվ լուրջ հարցեր, որոնց պատասխանները պետք է տա վարչապետը կամ պաշտպանության նախարարը»,- ասաց Նորիկյանը։
Ազատում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հորաքույրն ասաց, որ իր եղբոր որդին Գերմանիայից եկել է հայրենիքին ծառայելու, այլ ոչ թե այստեղ մահանալու համար։ «Տղաներն այրվել են, իսկ նրանք պնդում են, որ քնած են եղել: Ո՞վ է տեսել կոշիկներով քնած զինվորներ» – ասաց նա:
Ապրիլի 18-ին Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը։ Նրանք հանդիպում էին պահանջում Փաշինյանի ու Պապիկյանի հետ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել էր զինծառայողների հարազատների հետ։ Նա հորդորել էր ապաշրջափակել ճանապարհը, սակայն զինվորականների ծնողները շարունակել են ակցիան։ Մարզպետը խոստացել է փոխանցել նրանց պահանջները։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասերից մեկի զորանոցում հունվարի 19-ին բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել։ Քննիչները հրդեհի պատճառ են համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործ է հարուցվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ, ով կալանավորվել է երկու ամսով։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մ.Ս.-ին: