ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Երևանի կենտրոնում մեկնարկած ավանդական Ջահերով երթի մեկնարկին հայտարարել է, որ նախկինում այդ միջոցառումը հիմնականում երիտասարդների երթ էր, բայց հիմա վերաիմաստավորվել է և դարձել համազգային պայքարի ու միասնության երթ:
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց Հայաստանի իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները, ցանկանում են հրաժարվել մեր համահայկական պայքարից, իրավունքների պաշտպանության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրենց սահմանադրական պարտավորություններից, հրաժարվելով Արցախից և թշնամու առջև բացելով հայրենիքի դարպասները, խաղաղության անվան տակ ժողովրդին տանում են դեպի նոր ցեղասպանություն», – ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով՝ թշնամու պլանին կարելի է հակադրել դիմադրությունն ու պայքարը։ «Մեր ընտրությունը կյանքի և մահվան միջև է։ Մենք պետք է ընտրենք ինքնապաշտպանության, պայքարի և արժանապատիվ ապրելու ճանապարհը», – հայտարարել է նա։ ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծեց, որ «դավաճան են նրանք, ովքեր պնդում են, որ մենք թշնամուն դիմակայելու հնարավորություն չունենք և պետք է հանձնվենք»:
«Մենք ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք շրջել մեր պատմության այս սև էջը։ Ոչինչ դեռ չի ավարտվել, գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է։ Հետ չենք կանգնելու մեր արդար պայքարից, համախմբվելու ենք, մի կողմ ենք դնելու կուսակցական, քաղաքական, անձնական հարցերը։ Համախմբվենք և մեր երկրից դուրս շպրտենք ներքին թշնամիներին և արտաքին թշնամուն», – հայտարարեց Սաղաթելյանը։