Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Կրկին բեմում են քաղաքական շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը։ Քաղաքական դրդապատճառներով հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը», – նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Նա հավելել է, որ նրանց, ովքեր միտումնավոր պնդում են իրենց սխալները, վիճակված է հիշողության մեջ մնալ կեղծավորներ: «Ոչ ոք չի համարձակվի մեզ դասախոսել մեր պատմության մասին», – ընդգծել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններով հանդես եկած մի շարք երկրների ղեկավարներին, որ պատմությունը «խեղաթյուրելու» փորձերը դատապարտված են ձախողման: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ 1915թ.-ի իրադարձությունները չեն կարող ընկալվել առանձին երկրների ներքին օրակարգի պրիզմայից կամ խեղաթյուրվել՝ ի շահ մի շարք քաղաքական գործիչների: «Նման մոտեցումը կհանգեցնի միայն պատմական իրողությունների խեղաթյուրմանը։ Իսկ նրանք, ովքեր պնդում են նման կանխակալ դիրքորոշում, իրենց պատմության մեջ կներառեն որպես էժանագին քաղաքական քայլերի կողմնակիցներ», – ընդգծել են Անկարայում։
Գերատեսչությունը հերքել է «անհիմն հայտարարությունները և դատապարտել նրանց, ովքեր պնդում են սխալ դիրքորոշում»: «Ոչ ոք և ոչ մի կազմակերպություն իրավունք չունի Թուրքիային սովորեցնել սեփական պատմությունը», – եզրափակել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Այսօր՝ ապրիլի 24-ին, լրացավ 20 – րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին հայերն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել այդ օրվա կապակցությամբ ամենամյա ուղերձով։ «Այսօր մեկ րոպե լռությամբ հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերը, որպեսզի վերահաստատենք այդ մասին երբեք չմոռանալու խոստումը», — նշել է Բայդենը: Նա փաստեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական առաջնորդներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: