ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը պահանջել է, որ Երևանը կատարի ութ պայման՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Այդ պայմանները նա հնչեցրել է ապրիլի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկումների ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն ու անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից և ապատեղեկատվությունից, վերջ տա ականապատված ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհայտ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը», – ասված է հայտարարության մեջ, և բարեխղճորեն բանակցել խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի դելիմիտացիայի շուրջ», – ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից «Լաչինի ճանապարհի մուտքի հսկիչ-անցագրային կետի ստեղծումը հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների և նրանց անվիճելի իրավունքի, իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունն ապահովելու բացառիկ իրավասության և պարտականության վրա»: