Երևան-Կապան կանոնավոր չվերթներ ապահովելու ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։ Այս մասին կառավարության ապրիլի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես նրան ի պատասխան նշեց ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ չի բացառվում նոր տեխնիկական փորձնական թռիչք իրականացնելու կարիք լինի։ Թռիչքի արդյունքում, ըստ Սանոսյանի, նավիգացիոն սարքավորումներ կփոխվեն, և կստուգվի ինքնաթիռի՝ ռադարների համար տեսանելիությունը։
«Խնդիր կա հասկանալ, թե ինչպես կազմակերպել գործընթացը, քանի որ սա ներքին թռիչք է։ Թե՛ Զվարթնոում, թե՛ տեղում ինչպես կազմակերպել, քանի որ անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանալ»,- ասաց Սանոսյանը՝ նշելով, որ Կապանի օդանավակայանը մեծ հաշվով պատրաստ է թռիչքներն ընդունելու։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Օդանավը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին: Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին։