ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձախողել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «ազնիվ միջնորդի» դերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների՝ բոլորին համոզելու փորձերը, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց կանոնավոր հակառուսական հարձակումներով», – ասել է Զախարովան։
Նրա կարծիքով, նման հայտարարությունները չի կարելի վերագրել կառուցողական աշխատանքին։ «Նման հայտարարություններն ուժեղացնում են այն զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական նկրտումները պատեհապաշտական են, քաղաքականացված և ուղղված են խարխլելու Ռուսաստանի դիրքերը, տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի նկատմամբ մտահոգությունը ներառված չէ նրանց ծրագրերի մեջ»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան հայտարարեց նաև, որ պայմանավորվածություն կա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։ «Նման հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել, իսկ կոնկրետ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ»,- եզրափակեց նա։
Փետրվարի 20-ին Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկը, ասել էր, որ Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս թողնել տարածաշրջանից։ «Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ընդհանուր առմամբ Արևմուտքի ցանկությունը՝ որևէ կերպ ոտք դնել մեր դաշնակից Հայաստանում։ Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի կողմից այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մարտի վերջին Զախարովան, մեկնաբանելով ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը գարնանը Ադրբեջանի կողմից հարձակման վտանգի մասին, ասաց, որ Բրյուսելը շահագրգռված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և մերձեցման մեջ։ «Իրենց ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ գործունեությամբ [ԵՄ-ն] հակասություն է հրահրում Բաքվի և Երևանի միջև»,- ընդգծել է նա։