Ապրիլին հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել էր 4 հայ զինծառայող, ևս 6-ը վիրավորվել էին: Armenia Today-ն իր տեսանյութում պատմում է, թե ինչպես է ապրում գյուղը դեպքից հետո։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերջին տվյալներով՝ գյուղն ավելի քան 2000 բնակիչ ունի։ Անցյալ տարի այս գյուղ են տեղափոխվել նաև Արցախից տեղահանված բնակիչները։ 2016 թվականին Տեղ խոշորացված համայնքի կազմում են ընդգրկվել Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղերը, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն 5600 բնակիչ:
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ Տեղը Հայաստանի միակ համայնքն է, որի տարածքի 62 կմ-ն էլ սահմանային է: Նա ընդգծել է ապրիլի 11-ին ադրբեջանական զինվորականների կողմից այդ շրջանում հայկական դիրքերի գնդակոծությունից հետո գյուղացիների շրջանում արտագաղթի և խուճապի բացակայության մասին:
Միջադեպից հետո գյուղում իրավիճակը համեմատաբար կայուն է, սակայն ադրբեջանցիների ներկայության պատճառով դժվարություններ են ունենում գյուղի բոլոր բնակիչները։ Գյուղում հնարավոր չէ մշակել վարելահողերը, անվտանգ չէ օգտագործել արոտավայրերը։
Լենա Հովսեփյանը երեք երեխաների հետ այս համայնք է տեղափոխվել Արցախի Աղավնո գյուղից, որն անցած տարի անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այժմ նրա ընտանիքը կրկին հայտնվել է ադրբեջանցի զինվորականների թիրախում։
Տեղի մեկ այլ բնակիչ՝ Նատո Շեգունցը պատմեց, որ գյուղի վարելահողերի մեծ մասը հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում։ Որդիները, չնայած ադրբեջանական կողմից կրակոցների սպառնալիքին, նրա խոսքով, շարունակելու են հող մշակել և խոտ հնձել:
«Մնում են, ասում են՝ մեր հողը պետք է պահենք։ Ամեն դեպքում՝ թասիբով են, ասում են՝ պետք է մեր հողը պաշտպանենք»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։