ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցին։
Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելու հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը, նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը: Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն են»,-նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր խոսնակ Մեթյու Միլլերը։
Նշվում է, որ Բլինկենն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ խաղաղ գործընթացին մշտապես հավատարիմ մնալու համար:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել էր Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: